Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Բարի գիրք երեխաների ու մեծահասակների համար

Բարի գիրք երեխաների ու մեծահասակների համար
11.03.2016 | 10:48

Դրամատուրգ և արձակագիր ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԸ 73 պիեսի հեղինակ է, որոնք բեմադրվել են հայաստանյան համարյա բոլոր թատրոններում, նախկին Խորհրդային Միության թատրոններում, իսկ «Հավերժի ճամփորդները» պիեսների ժողովածուն արժանացել է Լևոն Շանթի անվան մրցանակի։
Հեղինակի պիեսների հերոսները հիմնականում մտավորականներ են, մի բան, որ այսօր պակասում է ոչ միայն բեմում, այլև կյանքում։
Դրամատուրգի խոսքը կիրթ է, և դա ուրախալի է, որովհետև այսօր և՛ բեմից, և՛ եթերից, ցավոք, հաճախ է հնչում աղավաղված հայերենը։ Նրա կատակերգությունների հումորը նուրբ է, բարձրակարգ, հեռու այսօր մատուցվող էժանագին հումորից։
Երկար տարիներ Գևորգ Սարգսյանը եղել է մշակույթի նախարարության թատրոնների բաժնի խմբագիր, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի խմբագիր, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գրական մասի վարիչ։
Որպես մշակույթի նախարարության ներկայացուցիչ մասնակցել է տարբեր թատրոնների նոր ներկայացումների հանձնմանը` ցուցաբերելով սկզբունքայնություն, պահանջկոտություն։ Շատերն են հիշում մի դեպք, որը դարձել է Սարգսյանի սկզբունքայնության դասական օրինակ։ Խորհրդային տարիներին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրություն է արել Մոսկվայից հրավիրված ռեժիսոր Շատրինը։ Ներկայացումը հանձնելու ժամանակ Գևորգն այնքան խիստ է քննադատել ռեժիսորի աշխատանքը, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Աճեմյանը ստիպված բողոքել է այն ժամանակվա մշակույթի նախարարին։ Նրա քննադատությունը կառուցողական բնույթ է կրել։ Երբ մեկնում էր շրջանային թատրոններ ներկայացում ընդունելու և նշում էր թերությունները, երբեմն հարկ եղած դեպքում մի քանի օր մնում էր այդ թատրոնում և ռեժիսորի ու դերասանների հետ շտկումներ էր անում, հասցնում ներկայացումը բավարար մակարդակի (ի դեպ, Գևորգ Սարգսյանը ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, նրա վարպետն էր Վարդան Աճեմյանը)։
Դրամատուրգի թատերագիտական հոդվածները նվիրված են հայ թատրոնի խնդիրներին, հրատապ հարցերին։ Հոդվածներից մեկում նա գրում է. «Մենք չպետք է ոգևորվենք մեր թատրոններում արտասահմանյան պիեսների չափազանց առատությունից, հակառակը` պետք է մտահոգվենք. դա հայ մարդուն և հայ մարդու ժամանակը մոռացության տալ է նշանակում։ Նշանակում է փողոցի մտածողության ու ճաշակի հետ հաշտվել»։
Թատրոնի այսօրվա գեղարվեստական ղեկավարներին «հայ մարդն իր հոգսերով չի հետաքրքրում, հայ մարդու մեջ վեհը փնտրելը նրանց համար խնդիր չէ։ Եվ բեմերից արդեն ավելի հաճախ է հնչում «փողոցային» քննադատությունը` ոչ խստապահանջ հանդիսատեսին ծիծաղեցնելու համար»։ «Էլի թող հայհոյեն, բայց արվեստի լեզվով ու դրանով երկրին էլ, թատերարվեստին էլ օգնեն զարգանալու»։ Եվ հետո էլ հարց է տալիս. «Բայց արվեստն ու գրականությունը իրավունք ունե՞ն նույնիսկ փողոցի մարդու հետ խոսելու փողոցի լեզվով։ Իսկ թատրոնն իր ժամանակին առանձնահատուկ հոգատարության տակ է եղել։ Հենց միայն այն, որ Սունդուկյանի անվան թատրոնի պրեմիերաներին ներկա է եղել կենտկոմի առաջին քարտուղար, շատ բան է ասում»։
Գևորգ Սարգսյանը նաև բազմաթիվ պատմվածքների հեղինակ է։ Տարբեր տարիների լույս են տեսել նրա «Ծիծաղի զոհերը», «Յոթն ընդդեմ աքաղաղի», «Սև թաթը», «Սանասար պապի զարմանահրաշ պատմությունները» պատմվածքների ժողովածուները։
2015 թվականին լույս տեսավ գրողի «Հրեշտակ ընկեր Նունիկը» մանկական պատմվածքների ժողովածուն։ Բարի գիրք է գրել հեղինակը, ուսանելի և դաստիարակչական։ Գրողը լավ է հասկանում հայի հոգեբանությունը, շատ է սիրում երեխաներին։ Ժողովածուն բացվում է «Հրեշտակ ընկեր Նունիկը» պատմվածքով։ ՈՒսուցչուհի Նունիկը շատ է սիրում իր փոքրիկ աշակերտներին, ովքեր այդ մեծ սերը վերադարձնում են նրան։ Երբ Նունիկը հիվանդանում է, նրան փոխարինում է այլ ուսուցչուհի, երեխաները մեծ դրամա են ապրում, անընդհատ լալիս են։ Եվ դպրոցի տնօրենն ու փոխարինող ուսուցչուհին որոշում են երեխաներին այցելության տանել Նունիկին։ Երեխաների ուրախությանը չափ ու սահման չկա։ Նրանք նվեր են պատրաստել իրենց սիրելի ուսուցչուհու համար` մոմպաս։ Չէ՞ որ երբ նրանք հիվանդանում էին, Նունիկն իրենց մոմպաս էր բերում։
Նազելի անունը չի համապատասխանում աղջկան, որ հագնվում է տղայի նման ու կռիվներ անում տղաների հետ։ Այդ իսկ պատճառով նրան «վայրենի» են կոչում։ Միայն համադասարանցի լոլոզ Ցոլակը կարողացավ գտնել Նազելիի սրտի բանալին։ Իր ընկերասիրությամբ նա կարողացավ խաղաղեցնել, մեղմացնել, դարձնել իսկական նազելի այդ «վայրենուն»։ «Դա իրոք հրաշք էր». «Թե ինչու չորրորդ «բ» դասարանի «վայրենին» հանկարծ խռովեց ու փախավ դպրոցից»,- այսպես է ավարտում պատմվածքը հեղինակը։
Երեք չարաճճի ընկեր սովորում էին ընթացքի ժամանակ ցատկել տրամվայի մեջ, ապա հետ ցատկել տրամվայից դուրս։ Նրանց մոտենում է հարևաններից մեկը և իր հետ տանում է բարեկամներից մեկի տուն։ Պարզվում է, որ տղան, ում տուն էին գնացել, տրամվայից ցատկելուց կորցրել էր ոտքերը։ Դա մեծ դաս էր տղաների համար, որոնք այլևս երբեք ընթացքի ժամանակ չցատկեցին տրամվայից, ավելին, այդ օրվանից համոզում էին «թռչողներին», խնդրում, բացատրում, որ նման բան չանեն։ Երբեմն էլ բերում էին Արամի օրինակը («Թե ինչպես տասը րոպեում երեք ընկերներով մոռացանք տրամվայից թռնելը և միանգամից տասը տարով ծերացանք»)։
«Անդրեն իսկական ոստիկան էր. ոչ մի անկարգության, ոչ մի ծեծկռտուքի կամ գողության դեպքի, նույնիսկ ընտանեկան կռիվների կողքով անտարբեր չէր անցնում»։ Նրան միլիցիոներ չէին կոչում։ Բոլորի համար նա Անդրե էր։
Անդրեն օգնում էր ծերերին, կանանց, շատ էր սիրում երեխաներին։ Երբեմն կարելի էր տեսնել, թե ինչպես է վազում գողի հետևից, բռնում նրան ու տանում ոստիկանություն։ Այդ կապակցությամբ բակերից մեկում երեխաները պիես էին գրել` «Անդրեն ու գողը»։ Ներկայացումներից մեկը դիտել էր Անդրեն ու ժպտացել, հավանություն տվել։ Երեխաներն ուրախ էին ու երջանիկ («Ոստիկան Անդրեն»)։
Հայրենասիրության և հերոսության վառ օրինակների ենք հանդիպում «Ինչպես էին երեխաները պատժում Հիտլերին» պատմվածքում։
Ծնողների հանդեպ սիրո և հարգանքի մասին է «Ի՞նչ է նշանակում` «նա մեզ համար ամեն ինչ է» և «մենք առանց նրա չենք կարող ապրել» պատմվածքը։ Մարդկանց հանդեպ բարի դարձնելու նպատակով «Թե ինչու կեսօրին «Աշխատանքային արիության համար» պատվոգիր, դրամական պարգև ու շնորհավորանքներ ստացած հայրս երեկոյան կոտրեց հարևանի սայլը» պատմվածքի հերոսի հայրը դաս տվեց հարևանին, ով խոսք տվեց քշել իր մեջ նստած սատանային։ Շան նվիրվածության, հավատարմության, իր տերերի հանդեպ մեծ սիրո մասին է «Շունը» պատմվածքը։ Զավեշտական իրավիճակների ենք հանդիպում «Մեղուները» և «Ինչպես ռոբոտը սկսեց գող բռնել» պատմվածքներում։
Հետաքրքիր է Գևորգ Սարգսյանի պատմվածքների ժողովածուն, և համոզված ենք, որ այն սիրով կընթերցեն ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները։

Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ